Կանոնակարգ

Աշակերտների հիմնական պարտականությունները

1. Մեր դպրոցի բակն ու մասնաշենքերը մտնելուց առաջ պետք է մաքրել կոշիկները:
2. Չարդուկված հագուստով, անխնամ սանրվածքով, եղունգներով, չմաքրված ականջներով, առանց թաշկինակի դպրոց գալը ցանկալի չէ:
3. Սպորտային և տնային հագուստով դպրոց մտնել չի կարելի:
4. Դպրոցում արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից:
5. Եթե բջջայինի անհրաժեշտությունը կա,դպրոց մտնելուն պես այն հանձնել դասղեկներին:
6. Դպրոցում արգելվում է բղավել, սուլել, արտառոց ձայներ հանել:
7. Դասերի ժամանակ միջանցքում խոսել շշուկով, քայլել անաղմուկ:
8. Կրթություն ստացողի համար ոչ միայն դպրոցում, այլ ամենուրեք գրական հայերենով խոսելը պարտադիր է:
9. Դպրոցի շրջակայքը պետք է մաքուր պահել, վերանորոգել անսարք գույքը:
10. Ծառերը, ցուցատախտակները, գծապատկերները գիտակցորեն վնասող աշակերտները պատժվում են:
11. Դպրոցում խրախուսվում են շնորհալիները,մաքրակենցաղ երեխաները, հնարամիտները, հումորի զգացում ունեցողները:
12. Գերազանցիկները և բացառիկ ընդունակություններ ցուցաբերողները պարգևատրվում են:
13. Ոչ ոք իրավունք չունի մեր աշակերտներին սաստել սեփական կարծիքն արտահայտելիս:
14. Ոչ ոք իրավունք չունի նրանց հեգնել, ծաղրել կամ նվաստացնել սեփական տեսակետների համար:
15. Մեր դպրոցին հատուկ են կարիքավորին կարեկցելը, բարի հարևան լինելը, կռվարարներին հաշտեցնելը, ներելը:
16. Օգնեք և ուրախություն բերեք տարեց մարդկանց:
17. Տղաներն աղջիկներին չպետք է նեղացնեն:
18. Մարդկանց, ինչպես նաև կենդանիներին, խփել չի կարելի:
19. Երեխային ծեծողը պատժվում է:
20. Գնահատվում են ուղղախոսությունն ու ճշտապահությունը:
21. Ստախոսը կշտամբվում և պատժվում է:
22. Գողությունը պատժելի է:
23. Մեր դպրոցի առօրյային ծանոթանալու նպատակով կարող եք հրավիրել ձեր մտերիմներին ու ծանոթներին` նախապես իրազեկելով տնօրենին:
24. Դպրոց այցելած հյուրերին ուղեկցել ուսուցչանոց կամ ներկայացնել տնօրենին:
25. Դպրոցի տարածքում բնակվող և այլ տեղ հիմնական կրթություն ստացող երեխաները դպրոցի տարածք կարող են մտնել միայն տնօրենի թույլտվությամբ:
26. Հրդեհի վտանգ կասկածելիս, ջրմուղի խցանում նկատելիս, գողություն հայտնաբերելիս, դպրոցում անծանոթ մարդկանց հանդիպելիս իրազեկել տնօրենին կամ հերթապահ ուսուցչին:
27. Տուն գնալուց առաջ փակել պատուհանները, անջատել էլեկտրական սարքերը, ստուգել անձնական իրերի առկայությունը, ապահովել դասարանի մաքրությունը:
28. Պատիժներն ու խրախուսանքները սահմանում է տնօրինությունը: Մեկ ուսումնական տարվա ընթացքում երկու նկատողության արժանացած աշակերտը հեռացվում է դպրոցից:
29. Ծնողների կամավոր հանգանակոււթյունները ծախսում է ծնողական համայնքը:
30. Առավոտյան դպրոց ներկայանալ զանգից առնվազն 15 րոպե շուտ:
31. Փախուստը և ուշացումը դասերից պատժելի է:
32. Սույն կանոնները կարող են փոփոխել մանկավարժական խորհուրդը, աշակերտական խորհուրդը:

Աշխատողների հիմնական պարտականությունները

1. Իրենց պարտականությունները կատարել աշխատանքային օրենսդրությանը և սույն կանոններին համապատասխան:
2. Պահպանել աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի գալ ժամանակին, աշխատաժամանակը լիովին և արդյունավետ օգտագործել, կատարել տնօրինության հանձնարարությունները, լինել ուշադիր երեխաների, հարգալից ծնողների և կոլեկտիվի անդամների նկատմամբ:
3. Պահպանել դպրոցի շենքը, գույքն ու միջոցները:
4. Կատարել անվտանգության տեխնիկայի, հիգիենայի և հակահրդեհային պաշտպանության հրահանգների պահանջները, պատասխանատու լինել աշակերտների առողջության, անվտանգության ապահովության համար:
5. Մաքուր և կանոնավոր վիճակում պահել աշխատատեղը:

Ուսուցիչները պարտավոր են

1. Համաձայն կրթական չափորոշիչների՝ ապահովել աշակերտների կողմից ծրագրային նյութի պահանջվող մակարդակի յուրացումը:
2. Աշակերտին զինել գիտելիքների հիմունքներով:
3. Դասապրոցեսը դարձնել արդյունավետ, ուսուցանվող նյութը` հետաքրքիր և մատչելի:
4. Օգտագործել ժամանակակից նոր տեխնոլոգիաներ, դասավանդման նոր մեթոդներն ու եղանակները:
5. Դասի տեսական մասն ամրապնդել կյանքի կարևոր գործնական հմտություններով ու կարողություններով:
6. Օգտագործել ուսուցման այնպիսի մեթոդներ, որոնք կնպաստեն աշակերտների հետաքրքրության, ակտիվության մեծացմանը, ինքնուրույն մտածելու և ստեղծագործելու կարողությանը:
7. Ժամանակին անցկացնել և ստուգել թեմատիկ և ամփոփիչ գրավոր աշխատանքները:
8. Ճիշտ կառուցել ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունը:
9. Կազմակերպել արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներ.
ա) այդ միջոցառումները ու էքսկուրսիաները կազմակերպելիս ներգրավել ակտիվ ծնողներին, միջոցներ ձեռնարկել երեխաների անվտանգությունը ապահովելու համար,
բ) էքսկուրսիա տանելիս նախապես տեղյակ պահել տնօրինությանը:
10. Կազմակերպել առարկայական խմբակներ, անցկացնել օլիմպիադաներ,առարկայական շաբաթներ:
11. Լրջորեն և սիստեմատիկաբար զբաղվել ինքնակրթությամբ:
12. Հետևել դպրոցի շենքի և գույքի պահպանմանը:
13. Պատասխանատվություն կրել աշակերտների առողջության պահպանման և անվտանգության ապահովման համար:
14. Դպրոց ներկայանալ դասից առնվազն 20 րոպե շուտ:
15. Մասնակցել դպրոցում կազմակերպվող խորհրդակցություններին, ժողովներին և դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումներին:
16. Դասից առաջ ուսուցչանոցից վերցնել դասամատյանը և դասարան մտնել դասին անհրաժեշտ բոլոր պարագաներով:
17. Դասն սկսվելուն պես կատարել աշակերտների հաճախումների հաշվառում` նշելով բացակայությունները և ուշացումները, հաճախակի ուշացող և բացակայող աշակերտների մասին տեղյակ պահել տնօրինությանը:
18. Դասամատյանի համապատասխան տեղում ժամանակին լրացնել դասի թեման և տրվող հանձնարարությունները:
19. Սովորողներին նշանակած գնահատականները հրապարակել և պարտադիր գրանցել Dasaran.am կայքում:
20. Կիսամյակի վերջին դասաժամին ամփոփել տվյալ առարկայից աշակերտի ստացած գնահատականները:
21. Դասամատյանում չկատարել որևիցէ ջնջում կամ ուղղում: Նման անհրաժեշտության դեպքում դիմել փոխտնօրենին:
22. Ծայրահեղ պատճառով աշխատանքի չներկայանալու դեպքում նախորոք տեղյակ պահել տնօրենին:
23. Հարգելի կամ անհարգելի պատճառներով աշխատանքից բացակայող ուսուցիչները հաջորդ օրը աշխատանքի ներկայանալիս, մինչև դասարան մտնելը, պարտավոր են տնօրենին գրավոր բացատրություն տալ բացակայելու մասին, թույլտվություն ստանալ և անցնել աշխատանքի:
24. Մշտապես ձեռքի տակ ունենալ առարկայական ծրագիր` հաստատված փոխտնօրենի կողմից:
25. ՈՒնենալ առարկայական թեմատիկ պլան` հաստատված փոխտնօրենի կողմից:
26. Սովորողների ծնողների հետ չառնչվել դաստիարակչական հարցերից դուրս հարցերով: Նման անհրաժեշտություն առաջաբնալու դեպքում դիմել տնօրենին:
27. Կարգապահական խախտում կամ խրախուսելի արարք կատարած աշակերտին չպատժել կամ չխրախուսել գնահատականի իջեցումով կամ բարձրացումով:
28. Դասամիջոցն աշակերտի հանգստի համար է: Չի կարելի ծառայեցնել այն տվյալ դասին:
29. Դասղեկի հրավերով պարտադիր մասնակցել ծնողական ժողովին: Բացի այս ամենից ուսուցիչը պետք է օժտված լինի մասնագիտական կայուն գիտելիքներով, մարդկանց հետ շփվելու հմտությամբ, տիրապետի մանկավարժության, հոգեբանության հիմունքներին:
30. Ծնողական ժողովներին առանձին սաների ստացած գնահատականները ներկայացնել միայն սահմանված կարգով և աշակերտի մասին կարծիքներ չհայտնել ընդհանուրի ներկայությամբ` ծնողին դնելով անցանկալի իրավիճակի մեջ: Նման հարցերը նպատակահարմար է քննարկել ծնողի հետ առանձին և խիստ անհատական:
31. Աշխատանքի ներկայանալ մշտապես կոկիկ ուսուցչավայել հագուստով, ունենալ նրբակիրթ շարժուձև և էթիկայի կանոնների համապատասխան պահվածք և պարկեշտ կեցվածք:
32. Վերջին ժամը պարապելուց հետո պարտադիր ուղեկցել երեխաներին մինչև դպրոցի մուտքը:
Խիստ արգելվում է`
• դպրոցի շենքում և նրանից դուրս բարձր ձայնով, անհարգալից դիմելաձևով, վիրավորական արտահայտություններով դիմել գործընկերներին,
• ուշանալ աշխատանքից,
• հերթապահության ժամին չլինել նշված հարկում կամ վայրում,
• դասը վարել բարձր ձայնով` օգտագործելով աշակերտի անձը վիրավորող արտահայտություններ,
• դասի ընթացքում զբաղվել կողմնակի աշխատանքներով (տետրի ստուգում, աշակերտների հետ դասի թեմայից դուրս հարցերի քննարկում, բջջային հեռախոսով խոսել և այլն),
• զանգից շուտ դուրս գալ դասարանից` ազատ արձակելով աշակերտներին,
• դասը խանգարող աշակերտներին անկյուն կանգնեցնել կամ դուրս հանել դասարանից,
• մատյանը փոխանցել աշակերտի միջոցով,
• կիսվող դասաժամերին աշակերտներին տեղափոխել դասարանից դասարան զանգը հնչելուց հետո,
• դասի ժամանակ աշակերտին դուրս թողնել,
• անցկացնել էքսկուրսիաներ` խախտելով սահմանված կարգը,

Դասղեկի հիմնական պարտականությունները

Դասղեկը հանդիսանում է աշակերտների մտավոր և անձնային աճի կարևորագույն երաշխիքը: Դասղեկի գործունեությունը ուղղված է այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք նպաստում են աշակերտների կողմից ուսուցման, շփման և անձի զարգացման պրոցեսում սոցիալ-հոգեբանական գիտելիքների արդյունավետ յուրացմանն ու օգտագործմանը: Դասղեկը`
• իրականացնում է երեխաների հոգեբանամանկավարժական հետազոտում, բացահայտում նրանց զարգացման անհատական առանձնահատկությունները,
• ուսումնասիրում աշակերտների ընդունակությունները, հետաքրքրություններն ու հակումները` երեխաների հետ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով,
• անցկացնում է աշակերտների հետ անհատական զրույցներ` ուսուցման, կյանքի, մասնագիտական կողմնորոշման, ինքնադաստիարակման, մեծերի և իր հասակակիցների հետ փոխհարաբերությունների հարցերի շուրջ,
• աշխատում է դասարանում առողջ հոգեբանական մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ,
• փնտրում ծնողների հետ համագործակցելու արդյունավետ միջոցներ,հրավիրում է ամենամսյա ծնողական ժողովներ: Ծնողների առաջարկոււթյունների և դիտողությունների մասին հաշվետվություն է հանձնում փոխտնօրենին,
• կազմում է աշխատանքային ծրագիր տարվա համար,
• մասնակցում է փոխտնօրենի կողմից կազմակերպված խորհրդակցությթուններին և սեմինարներին,
• կիսամյակի վերջում հանձնում է հաշվետվություն կատարած աշխատանքի մասին,
• անցկացնում է դասղեկական ժամեր` դասացուցակով նախատեսված ժամերին,
• աշակերտների կողմից թույլ տված կարգապահական խախտումների մասին անմիջապես զեկուցել տնօրենին` նրա հետ որոշելով պատժամիջոցը,
• օրինակելի վարք և բարձր առաջադիմություն ունեցող սաներին խրախուսելու մասին զեկուցագիր է ներկայացնում տնօրենին.
• հետևում է սաների հաճախելիությանը, աշակերտի երկարատև բացակայության դեպքում (3 օրից ավելի) պահանջում ծնողից բժշկական տեղեկանք հիվանդության մասին,
• վարակիչ հիվանդությունների դեպքում անհապաղ տեղյակ պահում դպրոցի բուժքրոջը,
• պատասխանատու է մատենավարության համար,
• դասամիջոցներին լինում է իր դասարանի աշակերտների հետ,
• յուրաքանչյուր օր հետևում է երեխաների հագուստին և նրանց կողմից հիգիենայի կանոնների կատարմանը,
• անհրաժեշտության դեպքում ազատում աշակերտին դասերից` տնօրենի թույլտվությամբ:

Դպրոցի աշխատողների իրավունքները

Աշխատողն ունի`
1. աշխատանքի իրավունք, ըստ աշխատանքի քանակի և որակի ու պետության հասմանված նվազագույն չափից ոչ ցածր վարձատրությամբ երաշխավորված աշխատավարձ ստանալու իրավունք,
2. հանգստի իրավունք, աշխատանքային օրվա սահմանափակման իրավունք,
3. ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք,
4. աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների իրավունք,
5. ճյուղային արհեստակցական միությունների մեջ միավորվելու իրավունք,
6. դպրոցի կառավարմանը մասնակցելու իրավունք
7. ծերության ժամանակ, ինչպես նաև հիվանդության, աշխատուակության լրիվ կամ մասնակիորեն կորցնելու դեպքում պետական սոցիալական ապահովագրության կարգով պետության հաշվին նյութական ապահովության իրավունք:
Մանկավարժն իրավունք ունի`
1. մասնագիտական պատվի և արժանապատվության պաշտպանության,
2. մանկավարժական գործունեությունն ապահովող համապատասխան աշխատանքային պայմաններ
3. ուսուցման ձևրի, մեթոդների և միջոցների ընտրության, ստեղծագործական նախաձեռնության,
4. որակավորման բարձրացման և վերապատրաստման,
5. խրախուսման, պարգևատրման, պատվավոր կոչումների արժանանալու:

Տնօրինության հիմնական պարտականությունները

Դպրոցի տնօրինությունը պարտավոր է `
1. ճիշտ կազմակերպել աշխատողների աշխատանքը, ապահովել նրանց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ պայմաններ,
2. հսկել աշխատանքային և արտադրողական կարգապահությունը, կատարել աշխատողների հաճախման հաշվառում,
3. աշխատավարձը վճարել սահմանված ժամկետներում,
4. միջոցներ ձեռնարկել աշխատանքային կարգապահությունը խախտողների նկատմամբ,
5. պատասխանատվություն կրում սովորողների կյանքի և առողջության համար հաստատությունում գտնվելու ամբողջ ընթացքում (այդ թվում նաև էքսկուրսիաների, զբոսանքների ժամանակ),
Աշխատողի և տնօրինության այլ պարտականությունները ամրագրված են սահմանված կարգով հաստատված դպրոցի կանոնադրությամբ, սույն կանոններով և ՀՀ օրենսդրությամբ:
Աշխատաժամանակը և նրա օգտագործումը
Աշխատաժամանակի սկիզբը և ավարտը սահմանվում է տնօրինության կողմից: Դպրոցի տնօրինությունը պարտավոր է կազմակերպել աշխատանքի ներկայանալու և աշխատանքից դուրս գալու հաշվառում: Մանկավարժական աշխատողների նոր ուսումնական տարվա ծանրաբեռնվածությունը սահմանում է տնօրենը: Մանկավարժական աշխատաժամանակը սահմանվում է աշխատանքային պայմանագրով: Ըստ որում, անհրաժեշտ է հաշվի առնել`
1. մանկավարժական աշխատողների մոտ որպես կանոն պետք է պահպանվի դասարանների (խմբերի) հաջորդականությունը և ուսումնական ծանրաբեռնվածությունը,
2. ուսումնական ծանրաբեռնվածությունը որպես կանոն չպետք է գերազանցի մեկ և կես դրույքը,
3. մանկավարժական աշխատողների ուսումնական ծանրաբեռնվածությունն ուսումնական տարվա ընթացքում, որպես կանոն, պետք է լինի կայուն:
Դրա պակասեցումը հնարավոր է միայն սովորողների և դասարանների թվի կրճատման, ուսուցչի համաձայնության և այլ բացառիկ դեպքերում:
Սպասարկող անձնակազմի և բանվորների աշխատաժամանակի տևողությունը որոշվում է հերթափոխության ժամկետացանկով (գրաֆիկով), որը կազմվում է շաբաթվա համար` սահմանված աշխատաժամանակի տևողության պահպանումով և հաստատված է տնօրենի կողմից:
Գրաֆիկում նշվում են աշխատանքի և հանգստի ժամերը:
Աշխատանքի ժամին արգելվում է`
1. աշխատողներին զբաղեցնել այլ հարցերով, շեղել իրենց անմիջական աշխատանքից,
2. հրավիրել նիստ, ժողով և այլ բնույթի միջոցառումներ:
Մանկավարժների ամենամյա արձակուրդները տրվում են աշակերտների ամառային արձակուրդների ժամանակ, մյուսներինը` համաձայն գրաֆիկի:
Արձակուրդ տալը ձևակերպվում է տնօրենի հրամանով:
Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար կիրառվում են հետևյալ խրախուսանքները`
1. շնորհակալության հայտարարում,
2. պատվագրով պարգևատրում,
3. հուշանվերով պարգևատրում,
4. միանվագ դրամական պարգևատրում,
5. կարգապահական տույժի հանում:
Պատասխանատվություն աշխատանքային կարգապահության խախտումների համար`
Աշխատանքային կարգապահության խախտումների համար տնօրինությունը ձեռնարկում է կարգապահական հետևյալ տույժերը`
1. նկատողություն,
2. խիստ նկատողություն,
3. ՀՀ ԱՕ-ի 121-րդ և 122-րդ հոդվածների հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:
Որպես կարգապահական տույժ` ազատումը կատարվում է, երբ աշխատողն առանց հարգելի պատճառի պարբերաբար չի կատարում աշխատարքային պայմանագրով նախատեսված պարտականությունները, ներքին կարգապահական կանոնները: Կարգապահական տույժը կիրառվում է տնօրենի կողմից: Տնօրենն իրավունք ունի կարգապահական տույժի կիրառման փոխարեն հարցը դնել աշխատանքային կոլեկտիվի քննարկմանը:Մինչև տույժի կիրառումը, աշխատանքային կարգապահությունը խախտողից անհրաժեշտ է պահանջել գրավոր բացատրություն: Չներկայացնելու դեպքում տույժը տրվում է առանց դրա: Կարգապահական տույժերը տրվում են տնօրենի կողմից` արարք թույլ տրվելուց անմիջապես հետո, ոչ ավելի, քան մեկ ամսվա ընթացքում` չհաշված հիվանդության և արձակուրդի ժամանակը: Կարգապահական տույժ չի կարելի տալ կարգապահական խախտում կատարելուց 6 ամիս անց: Նշված ժամկետի մեջ չի մտնում քրեական գործի հարուցման ժամանակը: Աշխատանքային կարգապահության ամեն
մի խախտման համար կարելի է կիրառել միայն մեկ կարգապահական տույժ: Տույժի կիրառման ժամանակ հաշվի է առնվում արարքի ծանրությունը, իրադրությունը, մինչ այդ աշխատողի աշխատանքը և վայրը: Կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դատական կարգով: Հրամանը անհրաժեշտության դեպքում հայտարարվում է դպրոցի աշխատողներին ի գիտություն:Եթե կարգապահական տույժ ստացած աշխատողը մեկ տարվա ընթացքում կարգապահական նոր տույժի չի ենթարկվել, ապա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Տօրենն իր նախաձեռնությամբ կամ աշխատանքային կոլեկտիվի երաշխավորությամբ կարող է հրաման տալ տույժը չեղյալ հայտարարելու մասին չսպասելով տարին լրանալուն, եթե աշխատողը աշխատանքային կարգապահության նոր խախտում թույլ չի տվել և իրեն դրսևորել է որպես բարեխիղճ աշխատող: Կարգապահական տույժի գործող ժամկետի ընթացքում, (որը նշված է կանոններում) աշխատողը զրկվում է խրախուսանքից:

  • Դպրոցի տնօրեն` / Ն.Փանոսյան /